ՀՀԿ-ն ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, ոչ էթիկայի սահմաններում ցանկացած արարք ու բռնություն անթույլատրելի է համարում` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստի ծեծկռտուքին:
«Մենք չենք կարող նման պահվածքը խրախուսել։ Միևնույն ժամանակ, խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում ու ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել՝ այնտեղ բռնություն եղել է կամ չի եղել, որ կողմն է բռնության ենթարկել, որ կողմն է բռնության ենթարկվել»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովի համար տարօրինակ են սեռական բռնության մասին ելույթները: «Չի կարելի ամեն ինչ փորձել արդարացնել։ Ես հետևել եմ ու տեսել տեսանյութը, այնտեղ որևէ սեռական բռնություն չեմ նկատել»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահը «Երկիր ծիրանիի» պահվածքը համարում է ոչ քաղաքակիրթ, ոչ քաղաքական, ոչ էլ էթիկայի նորմերին համապատասխան:
«Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ, և այստեղ ես համամիտ եմ թե Անահիտ Բախշյանի հետ, որը նշեց, որ դժվար է պատկերացնել, որ երեք կին իրենց այդպես կպահեին, և համամիտ եմ Դավիթ Խաժակյանի հետ, որ ինքը կողմ է խոսքի ազատությանը, բայց այն, ինչ տեղի ունեցավ, դա չափերի անցում էր»,- ասաց նա: Անդրադառնալով Գոռ Վարդանյանի պահվածքին՝ Շարմազանովն ասաց, թե չի տեսել, որ նա շպրտել է «Երկիր ծիրանիի» անդամին: