Միջազգային կարգը խախտված է, զինված հակամարտությունների վտանգն աճում է. Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին ընդառաջ հրապարակված «Մինչ անդունդի եզր և հե՞տ» զեկույցի հեղինակները մատնացույց են անում համաշխարհային քաղաքականության վտանգավոր փոփոխությունները։
Անցած տարի մարդկությունը չափազանց շատ է մոտեցել եզրագծին, որը տարանջատում է խաղաղությունը լուրջ զինված հակամարտություններից, զեկույցի նախաբանում գրել է անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Նա նշել է կոնֆլիկտի վտանգավոր էսկալացիան ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև, Իրանի և Սաուդյան Արաբիայի սրվող մրցակցությունը, Եվրոպայում անփոփոխ լարված հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։
Փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականությունում
Ինչպես անցած 3 տարիներին, զեկույցն ինտելեկտուալ հիմք է պատրաստում Մյունխենի համաժողովի համար, որը տեղի կունենա Բավարիայի մայրաքաղաքում փետրվարի 16-18-ին։ 2017-ի փետրվարին զեկույցի հեղինակները նախազգուշացրել էին, որ լիազորությունները նոր ստանձնած նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել միջազգային անվտանգության երաշխավորի դերից, իսկ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ միակողմանի կամ նույնիսկ ազգայնական։ Այս տարի անվտանգության մասին զեկույցը հաստատել է, որ ԱՄՆ-ը հեռանում է առաջատարի դերից։
Վաշինգտոնն առանձնահատուկ հետաքրքրվածություն չի դրսևորում գլոբալ կամ տարածաշրջանաին ինստիտուտների զարգացման հարցում, որոնք սահմանում են միջազգային հարաբերությունների կանոնները։ ԱՄՆ-ը հրաժեշտ է տվել քաղաքականությանը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա. համատեղ շահերը Սպիտակ տունն այժմ հաշվի է առնում առանձնահատուկ դեպքերում: Դա է վկայում դիվանագիտության հանդեպ հետաքրքրության էական նվազումը. Պետդեպի բյուջեն զգալիորեն կրճատվել է, ռազմական ծախսերը շարունակում են աճել։ Զեկույցում մեջբերվում է արտաքին քաղաքականության ամերիկացի փորձագետ Ջոն Այքենբերիի խոսքը. «Աշխարհի ամենաազդեցիկ երկիրը սկսել է սաբոտաժի ենթարկել կարգը, որն անձամբ է հաստատել»։
Եվրոպան սկսում է հոգ տանել իր անվտանգության մասին
Եվրոպացիներին անհրաժեշտ է մտածել սեփական անվտանգության մասին։ Զեկույցը հիշեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը 2017 թվականի մայիսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Ժամանակները, երբ մենք կարող էինք հույս դնել այլոց վրա, անցել են»` ասել էր Մերկելը` հավելելով, որ եվրոպացիները պետք է սեփական ճակատագիրն իրենց ձեռքը վերցնեն։ Այդ հայտարարությունը ենթադրում է պաշտպանական ծախսերի մեծացում։ Եթե ԵՄ բոլոր երկրներն ու Նորվեգիան մեծացնեն ռազմական հատկացումները մինչև ՀՆԱ 2 տոկոս, 2024-ին ընդհանուր 50 տոկոսի աճ կունենան և կհասնեն 386 մլրդ դոլարի մակարդակի։ Որպեսզի եվրոպական զինված ուժերը մնան մարտունակ, նրանք պետք է վերացնեն համակարգման և թվային համակարգերի ոլորտում թերությունները։ Զեկույցի հեղինակները մատնացույց են անում «կառուցման ու թվայնացման» միջակայքերը։ Այդ թերությունների վերացման համար պահանջվում են հավելյալ միջոցներ։ Անհրաժեշտ է նաև ԵՄ երկրների՝ մասնատված պաշտպանական արդյունաբերության համախմբումը։
Կլիմայի փոփոխություն, հակամարտություններ, միգրացիա
Այլ հարցերը, որոնք հիշատակվել են զեկույցում, նույնպես առաջին անգամ շոշափվել են 1 տարվա վաղեմության զեկույցում. 2017-ին կարևոր տեղ է հատկացվել միգրացիայի և կլիմայի փոփոխության թեմաներին։ Ներկա փաստաթղթում ափսոսանք է արտահայտվում Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և այն փաստի առնչությամբ, որ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում Վաշինգտոնը կլիմայի փոփոխությունը չի դիտարկում ազգային անվտանգության սպառնալիք։ Զեկույցը հիշեցնում է, որ անցած տարին՝ 2015 և 2016-ի հետ, դարձել է ամենաշոգերից մեկը կլիմայի փոփոխության դիտարկումների ընթացքում և ուղեկցվել է աղետալի փոթորիկներով, երաշտներով և ջրհեղեղներով։ Փաստաթղթում նշվում է անմիջական կապը կլիմայի փոփոխությունների և տարածաշրջանային հակամարտությունների միջև։ Չդադարող բազմաթիվ զինված հակամարտությունները միգրացիայի, հալածանքների, վերաբնակեցման և սովի հիմնական պատճառներից մեկն են, ընդգծվում է Աֆրիկայում իրավիճակին և միգրացիայի թեմային նվիրված գլխում։