Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցերով Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆսթադտը BBC- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները չեն ընդունում ֆինանսական և առևտրային արտոնությունների պահպանման գաղափարը, երբ զուգահեռաբար սահմանափակվում է Միացյալ Թագավորության տարածքում ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
«Մեզ համար դա անընդունելի է: Մենք նույնիսկ չենք ուզում խոսել այդ մասին»,- ասել է Վերհոֆսթադտը: Նա կարծում է, որ այդ պայմանը պետք է ամրագրվի անցումային շրջանի կանոնները կարգավորող «ճանապարհային քարտեզում», որը կգործի ԵՄ-ից Բրիտանիայի պաշտոնապես դուրս գալու օրից՝ 2019-ի մարտի 29-ից, մինչև 2020-ի դեկտեմբերի 30-ը: Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե անցումային շրջանի պայմանները չհաջողվի համաձայնեցնել, ԵԽ ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե անցումային շրջան չլինի, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից հաջորդ տարվա մարտի 29-ին»: