Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է հանձնարարականների կատարման, նախարարության գերակա խնդիրների ու 2018-ի ծրագրերի մասին: Նախարարն ասել է, որ 2017-ին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25,2 տոկոս աճ: Զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները` 2017-ի 18,7 % աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են մարքեթինգային միջոցառումները, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Կատարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար: Նախարարը տեղեկացրել է, որ 2017-ի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն այս տարի: Ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։
Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում 10 միջազգային ցուցահանդեսի։ Նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12,6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15,7 % աճը, որի տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016-ի արդյունքից: 2017-ին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ: