Չինաստանի կոմունիստական կուսակցությունն առաջարկել է չեղարկել նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը, որ նախագահ Սի Ցզինպինին կընձեռի 2023-ից հետո երկրի ղեկավարումը շարունակելու հնարավորություն:
Ըստ Xinhua լրատվական գործակալության, կոմունիստական կուսակցությունն առաջարկել է խմբագրել Չինաստանի սահմանադրության համապատասխան հոդվածը, որի համաձայն, «նախագահը և փոխնախագահը կարող են պաշտոնավարել առավելագույնը երկու անգամ անընդմեջ»: Փետրվարի 26-ին նախատեսված է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ժողովը: Ենթադրվում է, որ օրակարգում կլինեն կադրային կարևոր նշանակումներին, այդ թվում՝ նախագահի պաշտոնավարմանն առնչվող հարցեր:
Չինաստանում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: 64-ամյա Սի Ցզինպինը երկրի ղեկավարումը ստանձնել է 2012 թվականին: Անցյալ տարվա հոկտեմբերին կոմունիստական կուսակցությունը նրան երկրորդ անգամ է հաստատել նախագահի պաշտոնում: