ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի ողջ տարածքում, նախ և առաջ՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Գուտայի շրջանից վիրավորների տարհանման նպատակով:
«Երկրի ողջ տարածքում անհրաժեշտ է անհապաղ մեկամսյա հրադադար հաստատել: Արևելյան Գուտան սպասել չի կարող, հարկավոր է վերջ տալ այն դժոխային իրավիճակին, որ ստեղծվել է այդ շրջանում»` հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայի ռմբակոծությունները շարունակվում են արդեն մեկ շաբաթ, նախնական տվյալների համաձայն՝ 500 մարդ է զոհվել: