ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե եկեղեցի և հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկե համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու մայր հայրենիքում հոգևոր, կրթական, բարեգործական գործունեության հարցեր: Ամենապատիվ Տերը հաջողություն է մաղթել Արմեն Սարգսյանին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ՝ շեշտելով, որ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե եկեղեցին միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալու Հայաստանի զարգացման ու զորացման գործում: Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցու կենտրոնական մարմնի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, կենտրոնական մարմնի ատենապետ և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Հայդոստյանի, Ավետարանական համայնքի հոգևոր, կրթական, ազգային գործիչների հետ: Վերապատվելի Կարագյոզյանը պարոն Սարգսյանին ներկայացրել է աշխարհասփյուռ հայ ավետարանական համայնքի կենտրոնները և նրանց հոգևոր, գիտական, կրթական գործունեությունը:
Վերապատվելի դոկտոր Հայդոստյանը ներկայացրել է սփյուռքի միակ հայկական համալսարանի գործունեությունը, Հայաստանի հետ սերտ համագործակցության ոլորտները: Հայ ավետարանական համայնքի ղեկավար անձնակազմը լիակատար աջակցությունն է հայտնել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: