Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
28.02.2018 | 00:46

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և զարգացնելու համար: Տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել Երևանում: Ռեզա Արդաքանիանը վարչապետ Կարապետյանին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի ջերմ ողջույնները և համոզմունք հայտնել, որ երևանյան նիստը նոր խթան կլինի տնտեսական համագործակցության զարգացման համար: Ռեզա Արդաքանիանը վարչապետին է ներկայացրել միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկված հարցերն ու անդրադարձել փոխգործակցության ուղղություններին: Նախարարը տեղեկացրել է, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը և ներկայացվել է ստորագրման:


Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները ևս հաջողությամբ են ընթանում և ակնկալվում է, որ շահագործման կհանձնվի 2019-ի վերջին: Ռեզա Արդաքանիանը կարևորել է «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում: Նիստում քննարկվել են նաև Մեղրիի հէկ-ի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր:


Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման ծրագրերի իրականացումը: «Առևտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված ենք խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ և պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր և պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում է երկու բարեկամ երկրների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ