Իսրայելի կառավարությունը դադարեցնում է Երուսաղեմի եկեղեցիներից հարկերի գանձման գործընթացը, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել եկեղեցականների շրջանում: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ հարկերի գանձման և ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը բանակցություններ կվարի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ «Երուսաղեմի քաղաքապետարանը կդադարեցնի հարկերի գանձման գործընթացը», որը մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ:
Կիրակի օրը ի նշան բողոքի Երուսաղեմի Հռոմի կաթոլիկ, Հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները փակել էին Սուրբ Հարության տաճարը: Քրիստոնեական եկեղեցիները հարկային նորամուծությունները համարում են «Սուրբ Հողում քրիստոնյաների դեմ ուղղված աննախադեպ ճնշում»: