Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստում ելույթ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Փոխադարձ մեղադրանքներ են հնչել երկու կողմերից տարհանվածների, փախստականների իրավունքները խախտելու համար: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև Սումգայիթի ջարդերին: «30 տարի առաջ՝ 1988-ի փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով»,- ասել է նա:
APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում անդրադարձել է բանակցային գործընթացին։ «Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք այս պահին չկա»,- հայտարարել է Մամեդյարովը: Նա չի բացառել, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ընտրություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպեն: «Երբ մենք վերջին անգամ խոսել ենք համանախագահների հետ, հաշվի ենք առել Հայաստանում և Ադրբեջանում նախընտրական տրամադրությունները և պայմանավորվել ենք ընտրությունների էմոցիոնալ ֆոնի ավարտից հետո վերադառնալ քննարկումների շարունակմանը: Կան հետաքրքիր գաղափարներ ու լրամշակումներ, որոնք արդեն համաձայնեցված են ԱԳ նախարարների հանդիպմանը Կրակովում և մինչ այդ՝ Վիեննայում։ Այնպես որ մենք լի ենք էնտուզիազմով ու ցանկությամբ՝ ակտիվորեն շարունակելու բանակցային գործընթացը»,- Ժնևում հայտարարել է Մամեդյարովը:
«Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այդ գործընթացը: Բոլորը գիտեն, թե ինչ ճանապարհով է պետք գնալ, որ զորքերը վերադառնան զորանոցներ, մարդիկ վերադառնան իրենց տները և խաղաղություն հաստատվի: Մենք ցանկանում ենք բոլոր խնդիրների լուծմանը հասնել համագործակցության միջոցով»,- ասել է նա: