«Ես աներևակայելի կերպար եմ», «Միայն Նապոլեոնն է ինձ գերազանցել», «Քաղաքականության մեջ ես Հիսուս Քրիստոսն եմ, զոհաբերում եմ ինձ՝ հանուն բոլորի»` աշխարհում կա միայն մեկ քաղաքական գործիչ, որ կարող է իր մասին նման հայտարարություններ անել առանց կարմրելու՝ ամենայն լրջությամբ և վստահությամբ, որ դա է ճշմարտությունը։ Նրա անունը Սիլվիո Բեռլուսկոնի է»,- գրում է իտալական «Էլ Մունդոն»՝ անդրադառնալով Իտալիայում առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու է Բեռլուսկոնին՝ իր գլխավորած կուսակցությամբ։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող 81-ամյա Բեռլուսկոնին, որ երկու տասնամյակ ղեկավարել է Իտալիան, կրկին մեծ քաղաքականություն է վերադառնում մի քանի տարվա դադարից հետո։
Նրա առաջնորդած աջակողմյան կուսակցությունը, ըստ նախնական հարցումների, խորհրդարանական ընտրությունների հավանական առաջատարն է։
Սիլվիո Բեռլուսկոնին ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում և կրկին իտալացի ընտրողի համակրանքը շահում 2011-ի աղմկահարույց հրաժարականից հետո, երբ ստիպված էր թողնել վարչապետի աթոռը աննախադեպ տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ 2013-ին ֆինանսական մեքենայությունների մեջ մեղավոր ճանաչվելուց և սենատորի պաշտոնից հեռացվելուց հետո։
Բեռլուսկոնին քաղաքականություն է վերադառնում, չնայած ավելի վաղ սահմանված դատարանի վճռին՝ մինչև 2019-ը պետական պաշտոններ չզբաղեցնելու արգելքի մասին։ Բացի այդ նա 77 տարեկանում երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել։ Հաշվի առնելով տարիքը, դատարանը որոշել է նրա բանտային կալանքը փոխարինել ծերանոցում սոցիալական աշխատանքով։ Իտալիայի ամենաերկարակյաց վարչապետի անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց պատմություններ, այդ թվում՝ «բունգա-բունգա» սեքսուալ սկանդալը, որի գործով դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ գումարի դիմաց սեռական կապ ունենալու մեջ։ «Այս ամենից հետո նա կրկին քաղաքական դաշտում է և նրա գլխավորած աջակենտրոն կոալիցիան ամենայն հավանականության կհաղթի: Եվրոպայում աղոթում են, որ հենց իրենք հաղթեն, հակառակ դեպքում իշխանության կգա նրանց մրցակիցը՝ եվրասկեպտիկներին միավորող «Հինգ աստղ» նորաստեղծ շարժումը, որը սկսել է ԵՄ անդամ և եվրագոտու մեծությամբ երրորդ տնտեսությունն ունեցող Իտալիայում մեծ ժողովրդականություն վայելել»։
Վլադիմիր Պուտինի և Մուամար Քադաֆիի մտերիմ ընկեր Բեռլուսկոնին այժմ խորհրդանշում է կայունություն և անդորր։ Բեռլուսկոնին, սակայն չի կարող վարչապետ դառնալ դատվածության պատճառով, մինչ այդ մամուլն արդեն նրան համարում է ապագա ստվերային ղեկավար։ Բացի Բեռլուսկոնիի գլխավոր «Առաջ, Իտալիա» կոալիցիայից և պոպուլիստական «Հինգ աստղ» շարժումից, մարտի 4-ին Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է աջակողմյան «Հյուսիսային լիգան», ձախակենտրոն դեմոկրատական կուսակցությունը: