Ժողովրդավարությունն ու ժողովրդավարացումը պահանջում են թափանցիկություն և հաշվետվողականություն, և Հայաստանի ժողովրդավարության համար առողջ քայլ կլիներ 2008-ի Մարտի 1-ի դեպքերի լիարժեք հետաքննությունն ու բացահայտումը: Այդ դեպքերը մեզ բոլորիս հիշեցրին, որ ամեն մի մարդու կյանք կարևոր է, յուրաքանչյուր հայաստանցու կյանք պիտի պաշտպանված լինի: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսելով 10 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձությունների մասին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը մինչ օրս պահանջում է լիարժեք հետաքննել Մարտի 1-ի դեպքերը և պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին:
«Շատ կարևոր է, որ բոլորս հիշենք այս ողբերգական իրադարձությունների տարելիցը, որը ողբերգություն էր թե Հայաստանի և թե Հայաստանի բարեկամների համար: ԱՄՆ կառավարությունը խորապես մտահոգված և անհանգստացած էր այն բռնություններով, որ տեղի ունեցան 10 տարի առաջ՝ ընտրություններից հետո, 2008-ի Մարտի 1-ին, ինչի հետևանքով զոհեր եղան երկու կողմերից՝ թե իրավապահների և թե ցուցարարների: Մենք անհրաժեշտ համարեցինք տեղի ունեցածի լիարժեք հետաքննություն և բացահայտում, և պիտի որ հիշեք, որ այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունն այնքան մտահոգված էր այդ դեպքերով, որ իր անհանգստությունը հայտնելով՝ կասեցրեց մի քանի հարյուր միլիոն դոլարի աջակցության ծրագիրը, որը պետք է ուղղվեր ճանապարհաշինական աշխատանքների իրականացմանը: 10 տարի առաջվա իրադարձությունները ողբերգական էին և հիշեցրին մեզ բոլորիս, որ ամեն մարդու կյանք արժեքավոր է, յուրաքանչյուր հայաստանցու կյանք պիտի պաշտպանված լինի, և մենք մինչ օրս կոչ ենք անում լիարժեքորեն հետաքննել 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը և պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին: Կարծում եմ՝ դա բխում է հայ ժողովրդի և հայկական ժողովրդավարության շահերից»,- նշեց ԱՄՆ-ի դեսպանը: