ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ միջուկային զենքի մշակումների մասին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունների կապակցությամբ՝ միջուկային զենքի մշակումների մասին, որոնք բարդացնում են Ռուսաստանի ու Արևմուտքի միջև քննարկումները մի շարք հարցերի շուրջ»` նշում է Սպիտակ տունը: Նրանք «Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել Արևելյան Գուտայի ռմբակոծությունները, ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել գործողությունները խաղաղ բնակիչներով բնակեցված տարածների դեմ, Սիրիային պատասխանատվության կանչել Արևելյան Գուտայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատացման համար»։ Նրանց կարծիքով՝ դա «մասամբ պայմանավորված է Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի շարունակվող գործածմամբ, խաղաղ բնակիչների վրա հարձակումներով ու հումանիտար օգնության արգելափակմամբ»։ Թրամփը, Մակրոնն ու Մերկելը նաև համարում են, որ «Սիրիական ռեժիմը, նաև նրան աջակցող Իրանն ու Ռուսաստանը, պետք է անհապաղ ու լիարժեք իրականացնեն ՄԱԿ ԱԽ 2401 բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել կրակը ամբողջ Սիրիայում»։