Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը հորը համեմատել է Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի հետ: «Հենց այս երկրում իսկական առաջնորդ է ի հայտ գալիս և անկախ ու ազգային քաղաքականություն փորձում վարել՝ սկսում են անհիմն մեղադրանքներ, փողոցային ցույցեր, ուսանողական շարժումներ»,- ասել է նա։
«Աբդուլ Համիդին ասում էին «Կարմիր սուլթան», ասում էին գող, ասում էին փարավոն: Մահափորձեր էին ձեռնարկում իր դեմ: Այս երկրում կախաղան բարձրացրին Ադնան Մենդերեսին, Էրբաքան Հոջայի դեմ հեղաշրջման փորձ արեցին, Օզալին թունավորեցին, բայց Թայիբ Էրդողանի դեմ հեղաշրջում թույլ չենք տա»,- ավելացրել է Թուրքիայի նախագահի որդին:
Նա պնդել է, որ վերջին 15 տարիներին, երբ երկրի ղեկը ստանձնել է իր հայրը, Թուրքիան գրանցել է անգերազանցելի հաջողություններ և շարժել ամբողջ աշխարհի նախանձը: