Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ վեճի ժամանակ: Քրդամետ Ժողովրադեմոկրատական կուսակցության անդամ, Այնթապից ընտրված պատգամավոր Մահմուդ Թողրուլը Մեջլիսի ամբիոնից հայտարարել է, որ Աֆրինի ռազմական գործողությամբ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացնում Սիրիայի հյուսիսում:
«Ռազմական գործողությունից հետո Թուրքիայում ապաստանած սիրիացի արաբ ներգաղթյալներին Աֆրին տեղափոխելու նպատակը քրդաբնակ մի տարածքի ժողովրդագրությունը փոխելն է: Պատմության մեջ սրան էթնիկ զտում են ասում»,- ասել է քուրդ պատգամավորը: Նրա հայտարարությանն ի պատասխան՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից Կոնիայի պատգամավոր Լեյլա Շահին ՈՒստան քայլել է դեպի քուրդ պատգամավորն ու բղավել նրա վրա: «Մեր զինվորներն իրենց երկրի սահմանն են պաշտպանում, այդ ձեր քուրդ զինյալներն են սպանում խաղաղ բնակչությանը»,- ասել է նա: Վեճին միացել են նաև այլ պատգամավորներ, սկսվել է հրմշտոց և ծեծկռտուք: Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երկու քուրդ պատգամավոր: