Ադրբեջանի նախագահական ընտրություններից 1 ամիս առաջ ընդդիմության ներկայացուցիչները ահազանգում են ճնշումների մասին: Բաքվում ընդդիմության հանրահավաքից առաջ «Մուսավաթի» ներկայացուցիչները հրավիրվում են ոստիկանություն՝ հարցաքննության։
Ընդդիմադիր ուժի աշխատակազմի ղեկավար Գյուլաղա Ասլանլին ասել է, որ ոստիկանությունում իր հետ խոսել են սպառնալիքներով։ «Ինձ ասել են, որ գիտեն կուսակցության ֆինանսավորման աղբյուրը։ Ես ասացի՝ եթե գիտեք, փաստեր ներկայացրեք»,- Ասլանլիի խոսքերն է մեջբերում «Մեյդան TV»֊-ին։ Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ ոստիկանություն են կանչվել կուսակցության ավելի քան 20 առաջնորդներ և ժամեր շարունակ պահվել են բաժանմունքներում։ Մուսավաթականներին նախատել են ցույցերին մասնակցելու կոչերի համար և սպառնացել «քրեական պատասխանատվության ենթարկել գողության, խուլիգանության կամ քրեական հեղինակություններին գումար փոխանցելու համար»` պատմել է Ասլանլին։ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի համատեղ հանրահավաքը, որը նախատեսված է այսօր Բաքվի ՙՄեսխուլ՚ մարզադաշտում, անցկացվելու է «Ոչ միապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բողոքում ենք գնաճի դեմ» կարգախոսներով։