Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, ՈՒպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Նա արժևորեց Շվեդիայի հետ համագործակցությունը երկկողմ, բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Արևելյան գործընկերության շրջանակներում: Նալբանդյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին: Նա ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: