Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերներ ուղարկվեն նախկին նախագահներին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա ցանկանում է, որ Հայաստանում ի վերջո ձևավորվի այդ քաղաքական մշակույթը, որ նախկին նախագահները մասնակցեն նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:
Արդեն հայտնի է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությանը չի մասնակցի: Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն ապրիլին 9-ին Հայաստանում չի լինելու, քանի որ «այդ օրերին նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն, գտնվելու է արտերկրում»: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ հարցին կպատասխանի ավելի ուշ: Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, բայց թե կոնկրետ որտեղ, դեռևս հայտնի չէ: