Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիան արտաքսում է 23 ռուսաստանցի դիվանագետների

Մեծ Բրիտանիան արտաքսում է 23 ռուսաստանցի դիվանագետների
14.03.2018 | 22:19

Ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից 10 օր անց Լոնդոնը հայտարարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները հանգել են եզրակացության, որ Սկրիպալների թունավորման գործում Ռուսաստանի պետական մարմինների ներգրավվածության հավանականությունը «շատ մեծ է»:


«Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Միացյալ Թագավորությունը արտաքսելու է 23 ռուսաստանցի դիվանագետների, որոնք մեր կողմից բացահայտվել են որպես հատուկ ծառայությունների ծպտյալ աշխատակիցներ: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվում: Այս քայլով մենք առաջիկա տարիներին լրջորեն կնվազեցնենք ռուսաստանյան հետախուզության կարողությունները մեր երկրի տարածքում: Եթե նրանք փորձեն վերականգնել այդ ցանցը, մենք կանխարգելիչ միջոցների կդիմենք», - հայտարարել Թերեզա Մեյը: Թերեզա Մեյը նաև նշել է, որ նախարարներից և թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը չի մասնակցի ամռանը Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական միջոցառումներին: Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հայտարարել է, որ նախարարների կաբինետը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքար ծավալել Ռուսաստանի հատուկ ծառայությունների դեմ և կընդլայնեն հակահետախուզական մարմիններին տրվող լիազորությունները:
«Լոնդոնը նաև կփորձի սառեցնել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող այն ֆինանսական միջոցները, որոնք կարող են օգտագործվել բրիտանացիների դեմ», - հայտարարել է Թերեզա Մեյը: Բրիտանական կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական զենք է կիրառել օտար երկրի տարածքում` վտանգելով հազարավոր մարդկանց առողջությունը:


Ռուսաստանի հետ հարաբերություններում խոր ճգնաժամի թեման Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է քննարկել ԵՄ պետությունների ղեկավարների հետ: «Ըստ ամենայնի, Մոսկվայի կազմակերպած այս հարձակման ֆոնին ես ցանկանում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել վարչապետ Թերեզա Մեյին: Ես պատրաստ եմ այս հարցն ընդգրկել ԵՄ` հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում»` հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ բրիտանական կողմը պաշտոնական դիմումով Մոսկվային չի դիմել, չի ներկայացրել այն նյութի նմուշները, որոնցով թունավորվել են Սերգեյ Սկրիպալն ու դուստրը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ Սկրիպալի թունավորումը ռուսական կողմին ձեռնտու չէր: «Երեկ թե՜ մեր, թե՜ արևմտյան լրատվամիջոցներում բազմաթիվ փաստարկներ են ներկայացվել, թե ինչու Մոսկվան որևէ պատճառ չուներ, որ կարող էր նրան դրդել նման քայլի: Նման դրդապատճառներ կարող էին ունենալ և հաստատ ունեն այն ուժերը, որոնք ցանկանում են շարունակել ռուսատյացության քաղաքականությունը մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում»,- հայտարարել է Լավրովը:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ