Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և դստեր` մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորման հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Լոնդոնի պահանջով կազմակերպված քննարկումից պարզ դարձավ, որ չնայած ամերիկյան մամուլում հնչող որոշ մտավախություններին, Վաշինգտոնը չի փորձում չեզոք դիրք բռնել այս հարցում` իր հստակ աջակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը` հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին: «Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Մեծ Բրիտանիային: ԱՄՆ-ում վստահ են, որ ռազմական նշանակության նյարդա-պարալիտիկ նյութի կիրառմամբ Միացյալ Թագավորության տարածքում իրականացված հարձակման պատասխանատուն Ռուսաստանն է»,- հայտարարեց Նիքի Հեյլին:
Նա պահանջեց, որ Մոսկվան առանց որևէ նախապայմանի համագործակցի Լոնդոնի հետ` նախ և առաջ համապարփակ տեղեկություն տրամադրելով իր քիմիական զինանոցի մասին: «Սա մեկուսի միջադեպ չէ: Սոլսբերիում սպանության փորձը քիմիական զենքի կիրառման դեպքերի թվաքանակի աճի նկատվող միտման ևս մի վկայությունն է»` ասաց Հեյլին:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ալենը մանրամասներ ներկայացրեց քիմիական նյութի մասին, որով, ըստ բրիտանացի իրավապահների, թունավորվել էին Սերգեյ և Յուլիա Սկրիպալները: Բրիտանացիների համոզմամբ` մարտի 4-ին Սոլսբերիում տեղի ունեցածը հարձակում էր Միացյալ Թագավորության դեմ:
«Այսպիսով, մենք որևէ այլընտրանք չունենք և եզրակացնում ենք, որ Ռուսաստանը որպես պետություն պատասխանատու է պարոն Սկրիպալի, նրա դստեր և ոստիկանության սպա Նիք Բեյլիի դեմ մահափորձի համար` վտանգելով նաև Սոլսբերիում բնակվող մյուս բրիտանացի քաղաքացիները կյանքը»,- հայտարարեց Ջոնաթան Ալենը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կոշտ արձագանքեց նրանց հայտարարություններին` նշելով, թե Մոսկվան թույլ չի տա, որ իր հետ վերջնագրերի լեզվով խոսեն: «Մենք պահանջում ենք, որ մեզ նյութական ապացույցներ ներկայացնեն, որոնք կվկայեն այս աղմկալի գործում իբր հայտնաբերված «ռուսական հետքի» մասին: Առանց դրա անհերքելի ապացույցների մասին պնդումները մենք անտեսելու ենք»,- հայտարարեց Նեբենզյան: