Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարում, ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, որը արդյունք է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միասնական կոալիցիոն կառավարության` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին` եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը լավ է աշխատում, ինչու՞ ապրիլից հետո նրան չեն ընտրելու վարչապետ։ ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ այս պահին ՀՀԿ-ն դեռևս չի որոշել կամ քննարկել, թե ով է լինելու վարչապետը, ավելին՝ հորդորեց առաջ չընկնել:
«Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել, հակադրության մեջ դնել ՀՀԿ-ից ու իր ընկերներից, իրենց նպատակին չեն հասնելու, գնացեք, այլ գործով զբաղվեք, Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է, նախագահի առաջին տեղակալն է, իրականացնում է մեր կուսակցության և մեր նախագահի միասնական քաղաքականությունը»,- ասաց նա: Խոսելով ապրիլին ձևավորվելիք կառավարության մասին` նա ասաց. «Ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, մենք երբ կքննարկենք, այդ ժամանակ էլ կտանք բոլոր հարցերի պատասխանները»: ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ կներկայացնեն այնպիսի կառավարության կազմ, որ կարող է լավագույնս իրականացնել գործադիրին տրված լիազորությունները: «Կարեն Կարապետյան վարչապետին ու մեր հարգարժան գործընկերոջը մի առանձնացրեք ՀՀԿ-ից, մենք բոլորս մեկ միասնական թիմ ենք: Մի փնտրեք հակասություն այնտեղ, որտեղ գոյություն չունի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: