ՀՀԿ-ն «Ելքի» քաղաքական օրակարգով առհասարակ չի հետաքրքրվում` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե որտե՞ղ են նախընտրում տեսնել «Ելքին»՝ խորհրդարանու՞մ, թե փողոցային պայքարում: Նա շեշտեց ՝«Ելքն» առանձին քաղաքական միավոր է, և իրենք պետք է որոշեն ինչպես վարվել: Նա նկատեց, որ գլոբալ առումով քաղաքական գործընթացները պիտի լինեն պառլամենտում, և խորհրդարանական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ միտինգների, հետընտրական զարգացման կարիք չկա:
«Կարող են հանրահավաքներ անել, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է, քանի որ քաղաքացիներն արդեն իսկ ընտրությունների ժամանակ իրենց իրավունքն իրացրել են: Մեր բոլորի պարտքն է հարգել ՀՀ քաղաքացու որոշումը: Ապրիլյան կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել որպես իշխանափոխության կամ իշխանության ձևավորման օրակարգ, կեղծ օրակարգ է, ոչ թե որովհետև ինձ ձեռնտու չէ, այլ որովհետև մինչև 2022-ը իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ձևավորված են»,- շարունակեց Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը վստահ է, որ ընտրությունները ՀՀ քաղաքացիների մոտ որևէ կասկած չեն հարուցել, ավելին՝ կարծում է, որ քաղաքական դաշտի հիմնական ընդդիմադիր խաղացողները` «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, այսօր խորհրդարանում են։ «Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմության կազմակերպած ակցիաներին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ ուժերի իրավունքն է օրենքի սահմաններում ներկայացնել իրենց դժգոհությունները։