Հայաստանը և Թուրքմենստանի, և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, սակայն այս պահին մրցունակ առաջարկ չկա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց. «Մենք դեռևս մրցունակ առաջարկ չունենք: Առաջարկը պետք է լինի այնպիսին, որ առաջարկվող գազի գինն ավելի էժան լինի, քան մենք ստանում ենք»: Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կան, որ Հայաստանը կարող է ռուսական գազին այլընտրանք ունենալ, նախարարը պատասխանեց, որ շոշափելի արդյունքների մասին խոսելը վաղ է:
Դիտարկմանը, թե քաղաքական խնդիր կա և Հայաստանն ավելի շահագրգռված է Ռուսաստանից գազ ձեռք բերել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն չկա»: Անդրադառնալով հարցին, որ Իրանի տարբեր դեսպաններ հայտարարել են, որ Իրանը պատրաստ է Հայաստանին նպաստավոր պայմաններով գազ տալ, ինչու՞ չի ստացվում համաձայնության հասնել, Աշոտ Մանուկյանը պնդեց, որ Հայաստանը Իրանից մրցունակ առաջարկ չի ստացել: