Առաջարկում եմ Սերժ Սարգսյանի մասին Պավել Մանուկյանի ասածը հրապարակել, որից հետո կվերադառնանք իմ մասին ասվածին` լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Պավլիկ Մանուկյանն իր հեռախոսազրույցներում Սերժ Սարգսյանի մասին բան չի՞ ասել։ Ես հարցադրում եմ անում։ Թող հրապարակվի, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյանք է տվել, Հանրապետականը նույն խրախճանքով դա տարածելո՞ւ է»` հարցրեց Փաշինյանը։
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստի ժամանակ հրապարակվել էին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն։ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել էր Պավլիկ Մանուկյանը։