Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Մանուկյանին

Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Մանուկյանին
24.03.2018 | 12:55

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ։ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները նախագահին ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտների խնդիրները և լուծման իրենց առաջարկները: Վազգեն Մանուկյանը կարևորել է հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով նախագահի հրամանագրով 2008-ին Հանրային խորհրդի ստեղծումը` իբրև քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորություն: Նա հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը և փորձը հաշվի առնելով` ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նա կարևորել է խորհրդի 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, և մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար 2 կամ 3 տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ գուցե չշարունակենք աշխատանքը, գուցե արդյունավետ և տեսանելի չէ: Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ գուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ և մեր հասարակության համար: Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր: Այնուհետև խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ գուցե անհրաժեշտություն կա, որ սահմանադրական կարգավիճակ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են և լուծված են լավ ձևով: Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որ վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու: Այս տարիներին Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին:


Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել: Ես չեմ ասում, որ բոլորը մենք վերցրել և օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձևավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարևորը՝ ձևակերպվել են խնդիրներ: Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է շատ ճիշտ ձևակերպել: Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, չի կարող լուծում ունենալ: Մաթեմատիկայում դա շատ հստակ երևում է: Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն:

Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի: Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու և այդ կնճիռները հարթելու մի շատ կարևոր հարթակ: 10 տարի առաջ 2008-ին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել: Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը: Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին: Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ-որ չափով մեղմանար և մնար քչերի կամ սեփականությունը, կամ մոտեցումները: Եթե հիշում եք՝ 10 տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան և այլն:


Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք և Արևելքի, և Արևմուտքի կողմից: Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է: Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր և Ռուսաստանի, և Արևմուտքի համար, կարծում եմ, սա նաև ձեր աշխատանքի գնահատականն է: Մենք հաջողությամբ բարեփոխել ենք ՀՀ Սահմանադրությունը և հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում: Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենալու: Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին և ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,- հանդիպման սկզբում ասել է նախագահը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին և ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում և այդպիսով նաև Հանրային խորհրդի համար: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ