Հայաստանի նախագահի հրամանագրերով, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում՝ տարբեր բնագավառներում «ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար»: Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին: «Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը հանրապետության նախագահի, թերևս, ամենահաճելի պարտականությունն է: Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ և դրանում մեծ խորհուրդ կա», -ասել է Սերժ Սարգսյանը:
«Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա: Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ: Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել և չի մնալու: Հայաստանում ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու և խրախուսելու գործին: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգևատրումից հետո արձագանքներ են լինում: Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում: Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգևատրման, ավելի քաջատեղյակ են, և նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է: Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ-որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել և խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից և անտեսել մարդկանց կատարածը»: «Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարևոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում նաև՝ այսօրվա պարգևատրվածների: Ակնհայտ է, որ ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը: Հուսով եմ, որ դուք չեք բավարարվի ձեռք բերածով: Շնորհակալ եմ ձեզ նվիրումի և աշխատանքի համար»,- հայտարարել է նախագահը: