Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Սևան` ծանոթանալու 2017-ին Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018-ի անելիքներին:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017-ին սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10,6 տոկոս աճ: 2017-ի փաստացի կատարողականը կազմել է 1 միլիարդ 519 միլիոն 744 հազար դրամ (101,7 տոկոս)՝ նախորդ տարվա 97,4 տոկոսի փոխարեն: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով մարզի ռեսուրսները և ներուժը՝ սեփական եկամուտների պլանավորման և կատարողականի ցուցանիշները հանրապետության մասշտաբով ամենաբարձրերից պետք է լինեն: «Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձևակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք և առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձևակերպել ենք և սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձև է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞՝ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք»,- ասել է Կարապետյանը:
Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, և իրացնելու նպատակով նախաձեռնվում են մի շարք ներդրումային ծրագրեր: Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա իրականացնել «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրը: Անհատական տներում և արտադրական շենքերում տեղադրվում են այլընտրանքային էներգիա արտադրող սարքեր: Մարզպետի խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունը հողմակայանների կառուցումն է, որի համար առավել հեռանկարային է համարվում մարզի հյուսիսային հատվածը: Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, և բավարար տվյալների դեպքում այս տարի կմեկնարկի 150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ 40 միլիոն դոլար ներդրումային ծավալով: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ»-ն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա-ի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132,5 ՄՎտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 միլիարդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ: Մարզում կապիտալ շինարարության ոլորտում իրականացվել է 13 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում. կառուցվել են ճանապարհներ, շարունակվել է Սևանի բժշկական կենտրոնի շինարարությունը, իրականացվել են ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ, դպրոցների և մշակութային օբյեկտների, մանկապարտեզների հիմնանորոգում, երկու համայնքում կառուցվել են գազատարեր, մեկնարկել են Գավառ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները և այլն:
Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017-ին տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018-ին աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը նախորդ տարվա նկատմամբ կավելանա 2.4 անգամ: Վարչապետը շեշտել է, որ աղբահանության սակագինը պետք է համապատասխանի միջին հանրապետական ցուցանիշներին՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: Վարչապետը կարևորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը, հատկապես Սևանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը: «Չափազանց կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք և խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը և դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում»,- ասել է վարչապետը: