Ռուսաստանի ցանկությունը՝ օգնել Մեծ Բրիտանիային Սոլսբերիում ռուս նախկին սպայի թունավորման հանգամանքները պարզելու հարցում և համագործակցել այդ գործով, փոխադարձ չէ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մեր մտադրություններն ու փորձերը բախվում են չհասկացվածության և լսել չցանկանալու պատի: Մեծ Բրիտանիայի դեսպանը չի գալիս ՌԴ ԱԳՆ, երբ այնտեղ նստած են մարդիկ, որ պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ հայտնի չէ, թե ինչ տեղեկություն է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր եվրոպացի գործընկերների հետ շփումների ընթացքում, բրիտանացիները Սոլսբերիի միջադեպի մասին ինչ ծավալի տեղեկատվություն ունեն, ինչ է իրականում տեղի ունեցել: «Համապատասխանաբար, մենք պարզապես չենք կարող դատել այն մասին, թե ինչն է դարձել այդ արձագանքի պատճառ»,- նշել է Պեսկովը: