«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ ու նախաձեռնություններ երեկ նստացույցով փակեցին Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանց պահանջը մեկն է՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու։ Սարգսյանի կառավարման 10 տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել, հայտարարում էին ցույցի մասնակիցները. «10 տարում Հայաստանից արտագաղթել է 400 հազար քաղաքացի, աղքատության մակարդակը աճել է 2 տոկոսով, երկրի արտաքին պարտքը ավելացել է 5 միլիարդով, մենք կորցրել ենք 800 հեկտար տարածք»: 20 րոպե տևած նստացույցից բացի, ցուցարարները երթով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, հասան ՀՀԿ գրասենյակ ու անգամ պաստառներ փակցրեցին մուտքի դռանն ու պատերին:
«Մերժի՜ր Սերժին, մերժի՜ր Սերժին, ո՜չ, Սերժին ասում ենք` ո՜չ»,- վանկարկում էին նրանք: Բողոքի գործողությունները ցուցարարներն իրականացրին առանց ոստիկանության խոչընդոտների։ Քաղաքացիական նախաձեռնությանը մաս են կազմում հիմնականում երիտասարդները, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ակտիվիստներ։ Ակցիան ավարտվեց Ազատության հրապարակում: «Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի հաջորդ երթը տեղի կունենա ապրիլի 9-ին ։