Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ԵՄ գագաթնաժողովում Անկարայի հետ քննարկվել է միգրացիոն ճգնաժամի թեման:
«Մենք նաև մեր մտահոգությունն ենք արտահայտել Աֆրինի վերաբերյալ: Կայացել է մտքերի փոխանակություն Կիպրոսին մոտ Միջերկրածովյան իրավիճակի հարցով և երկու հույն զինվորականների առիթով, որ ձերբակալվել են թուրքական ուժերի կողմից»,- թվարկել է Մերկելը: Կանցլերը ողջունել է ԵՄ կառույցների ներկայացուցիչների հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: «Մենք հանդես ենք գալիս հօգուտ Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, միաժամանակ ունենք որոշակի անհանգստություն: Մենք պետք է հետևենք փախստականների հարցով պայմանավորվածություններին: Մեզ հայտնի է, որ ԵՄ-ն պետք է պատրաստի օգնության երկրորդ փաթեթը՝ 3 մլրդ եվրոյի չափով: Բեռլինը պաշտպանում է այդ գաղափարը»,- ասել է Մերկելը: