Քիշնևում միասնության ցույց են կազմակերպել Մոլդովայի և Ռումինիայի վերամիավորման հազարավոր աջակիցներ: 1918-ի մարտի 25-ին՝ ռուսաստանյան հեղափոխության հետևանքով առաջացած քաոսի պայմաններում, Ռումինիան զորք է մտցրել ներկայիս Մոլդովայի տարածք, և Քիշնևում ստեղծված Երկրամասի խորհուրդը քվեարկել է հօգուտ Ռումինիային միանալուն:
«Յունիոնիստները» մարտի 25-ը համարում են Մոլդովայի և Ռումինիայի վերամիավորման օր: Մինչդեռ, ՏԱՍՍ-ի պնդմամբ, Մոլդովայում բնակչության ընդամենը 21 տոկոսն է երկու երկրների միավորման գաղափարի կողմնակից: Քիշնևի ոստիկանության տվյալներով, հանրահավաքին մասնակցել է մոտ 7 հազար մարդ: Նրանց հետ է եղել Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն: «Մենք խնդրում ենք երկու երկրների խորհրդարաններին վերստին քվեարկել հօգուտ միավորման»,- հայտարարել է Բասեսկուն՝ հավելելով, որ Ռումինիան անդամակցել է ԵՄ-ին բնակչության կենսամակարդակը բարձրացնելու նպատակով, ուստի, տնտեսական ճգնաժամ ապրող Մոլդովան միայն կշահի Ռումինիային միանալուց:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը բնակիչներին ուրբաթ օրը կոչ է արել չմասնակցել կիրակնօրյա հանրահավաքին, նա վերամիավորման գաղափարի ընդդիմախոսներին հորդորել է չդիմել ապօրինի գործողությունների և խուսափել սադրանքներից: