ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ունի երկրի զարգացման հստակ տեսլական: НТВ հեռուստատեսության «Շաբաթվա արդյունքները» ծրագրին Պեսկովն ասել է, որ «նոր Պուտինը մեր իմացած Պուտինի սիմբիոզն է, Պուտինի, որին գիտենք, որի շուրջ միավորվել ենք, դրան գումարած Պուտին, որ գիտի, թե ինչ է մեզ պետք ապագայում»:
«Նա ունի տեսլական, որը շատ ավելի ընդարձակ է շարքային ընտրողի տեսլականի համեմատությամբ, հենց դրա համար են նրան աջակցում»,- ասել է Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինը բազմիցս ապացուցել է, որ իր համար առաջնահերթությունը երկրի ներքին խնդիրներն են: Պեսկովն ընդգծել է` «մարդիկ գիտեն, որ եթե երկրի ղեկավարն ասում է, որ հասկանում է, թե ուր և ինչպես է պետք գնալ, խոսքերը քամուն չի տալիս»: «Պուտինն արդեն բազմիցս ապացուցել է, որ պոպուլիստ չէ»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: Նախագահության նոր ժամկետում «առաջին հերթին կկազմավորվի ուղերձի դրույթների իրագործման ճանապարհային քարտեզը»: