Մինսկում ձերբակալել են ընդդիմության տասնյակ ակտիվիստների, որ փորձել են բողոքի ակցիա կազմակերպել: Ակտիվիստները մտադիր էին կազմակերպել երթ՝ նվիրված Բելառուսի առաջին Հանրապետության 100-ամյակին: 1918-ի մարտի 25-ին Բելառուսը հայտարարել է անկախություն Ռուսաստանից: Բելառուսի ժողովրդական Հանրապետությունը գոյատևել է մինչև 1919-ը: Մարտի 25-ը Բելառուսում անվանում են «Ազատության օր», որին մեծ նշանակություն են տալիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմախոսները: Այդ օրը երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք իրավապահները ցրում են:
Ընդդիմությունը Լուկաշենկոյին մեղադրում է երկիրը «ռուսիֆիկացնելու» և բելառուսների ազգային ինքնությունը վերացնելու մեջ: «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, հանրահավաքի փորձից առաջ 15 քաղաքացի ձերբակալվել է նաև Մոգիլևի շրջանում: Ավելի վաղ իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր գործիչներ Միկալայ Ստատկևիչին և Վլադիմիր Նյակլյաևին: Լուկաշենկոն իր պաշտոնավարման 24 տարիներին առաջին անգամ արտոնել է մարտի 25-ի հիշատակումը, սակայն իրավապահներն արգելել են ընդդիմադիր շրջանակների ակցիաները: