Բաքու-Թբիլիսի-Կարսի բացումից անցել է 5 ամիս. երկաթուղու գծերում շարժ չկա, հաղորդում է Jnews.ge-ն։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի կայարանը բեռն ընդունում ու ուղարկում է ամեն երեք օրը կամ շաբաթը մեկ, հիմնականում՝ Ղազախստանից ցորեն:
Մարտի 22-ի առավոտյան, ժամը 11: 00-ին այցելեցինք Ախալքալաքի կայարան: Կայարանում լռություն էր: Ախալքալաքի կայարանի շենքը փակ էր: Պլատֆորմում, երկաթուղային գծերում ու ընդհանրապես կայարանում շարժ չկար: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը 10 տարվա շինարարությունից հետո բացվեց 2017-ի հոկտեմբերի 30-ին: Բացվելուց հետո անցել է 5 ամիս: Ախալքալաքի կայարանն այս երկաթուղային գծի վրա ամենամեծն է: Այստեղ պետք է տեղի ունենա գնացքների անցումը հին գծից եվրոպականի:
ԲԹԿ-ի շահագործման առաջին փուլում ենթադրվում է տեղափոխել մեկ միլիոն ուղեւոր եւ 6,5 միլիոն տոննա բեռ, իսկ երկրորդ փուլում բեռնափոխադրումների ծավալը հասնելու է 17 միլիոն տոննայի եւ տարեկան 2 միլիոն ուղեւորի:
Սակայն դեռ անցած տարի բացման ժամանակ պարզ դարձավ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղեւորափոխադրումներ դեռ չկան, քանի որ երկաթուղին պատրաստ չէ դրան: