Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է աշխարհում ֆրանսերենի տարածման և հանրաճանաչություն ձեռք բերելու ծրագիրը Ֆրանկոֆոնիայի և ֆրանսերենի միջազգային օրը՝ մարտի 20-ին։ Ծրագրի նպատակն է՝ մինչև 2065-ը աշխարհում ֆրանսերեն խոսողների (ֆրանկոֆոնների) թիվը 1 միլիարդի հասցնելը։ Այժմ ֆրանսերենն աշխարհում ըստ տարածվածության հինգերորդն է՝ չինարենից, անգլերենից, իսպաներենից և հինդիից հետո։
«Արտերկրում ֆրանսիական միջնակարգ դպրոցը ֆրանսախոս դաստիարակության հիմքերից է։ Այդ ցանցը կմիավորվի և կուժեղացվի»,- հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ ջանքեր կգործադրվեն նախ Աֆրիկայում։ Ֆրանսիայից դուրս 500 ֆրանսիական դպրոց է գործում` 350 000 աշակերտով։ Ըստ ծրագրի՝ թիվը պետք է կրկնապատկվի։
Մակրոնը նաև նշել է Ֆրանսիայում փախստականների՝ ֆրանսերենին հասանելիությունը բարելավելու անհրաժեշտությունը։