Երկուշաբթի Եգիպտոսում սկսվել են նախագահական ընտրությունները, որ 3 օր կտևեն՝ մարտի 26-28-ը։ 96 մլն բնակիչներից ընտրության իրավունք ունեն 59,5 մլն քաղաքացիներ։ Քվեարկության օրերին 376 ընտրական կոմիտե և 17 000 տեղական հանձնաժողով կգործի։ Առաջին անգամ ընտրատեղամասեր կբացվեն Հալայիբ քաղաքում, որը գտնվում է Սուդանի հետ սահմանին։
Այս շրջանը «Հալայիբյան եռանկյան» մի մասն է, որի նկատմամբ հավակնություններ ունեն երկու պետությունները։ Ընտրություններին կհետևի 63 հասարակական և մարդասիրական կազմակերպություն։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 2-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների անհրաժեշտ քանակություն չհավաքի, երկրորդ փուլը ապրիլի 24-26-ին տեղի կունենա։ Հիմնական թեկնածուն երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին է։ Գործող նախագահի մրցակիցն ընտրություններում 65-ամյա Մուսա Մուստաֆա Մուսան է՝ «Էլ Գադ» կուսակցության առաջնորդը, որը երբեք չի թաքցրել Աս Սիսիի նկատմամբ իր համակրանքը։