Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը։ Մինչ ռուսական պաշտոնական աղբյուրը ռազմական ոստիկաններ տեղակայելուն անդրադառնում է ինչպես կայացած փաստի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկաններ տեղակայելու շուրջ դեռ փաստաթուղթ չկա:
«Այդ խնդիրը այս պահին քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով: Կարող է նոր համաձայնագիր լինի, պայմանագիր լինի, լրացում լինի գործողին՝ չեմ կարող ասել: Բայց համապատասխան իրավական կարգավորում տալուց հետո», ֊ մանրամասնեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու վերաբերյալ հիմա քննարկումներ են ընթանում, իսկ դրանց տեղակայման անհրաժեշտությունը Հայաստանում պայմանավորում են Գյումրու 102-րդ ռազմակայանի կարգապահական խնդիրներով։
Երևանում, որտեղ չկա ռուսական ռազմաբազա, ինչու՞ է տեղակայվելու ռազմական ոստիկանության ստորաբաժանում: «Երևանում ևս 102 ռազմաբազան որոշակի զորամասեր ունի», պատասխանեց Հովհաննիսյանը: Ռազմական ոստիկանների գործառույթը, ըստ ռուսական պաշտոնական աղբյուրի, կլինի ռուսական ռազմակայանում կարգուկանոն պահպանելը, ռազմաբազայի օբյեկտների պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգությանը հետևելը, իսկ նախկինում այս գործառույթն իրականացնում էին առանձին պարեկային խմբեր, սակայն նոր ստեղծվող ստորաբաժանումները կազմված կլինեն հատուկ պատրաստություն անցած զինվորականներից՝ պայմանագրային սպաներից, սերժանտներից և զինվորներից, ովքեր զինված կլինեն ստանդարտ սպառազինությամբ, ոստիկանական հատուկ միջոցներով։