ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Կեմերովո, որի առևտրի կենտրոններից մեկում մարտի 25-ին հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ: Նա ծաղիկներ է դրել հրդեհված շենքի մոտ: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում չէ»,- ասել է Պուտինը Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ: «Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,- ասել է Պուտինը:
Նա իր ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին: Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը: Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել: Իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: