«Ադրբեջանում իմ գործունեության ամենահիշարժան իրադարձությունը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարելավումն ու զարգացումն է»,- հայտարարել է Բաքվում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիկուտան: Նա Բաքու էր մեկնել 2015-ի փետրվարին, երբ երկկողմ հարաբերությունները գտնվում էին ամենավատ վիճակում 90-ականների սկզբից ի վեր:
«Եթե համեմատելու լինենք՝ մեր հարաբերությունների մակարդակը ինչպիսին էր, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, և հիմա, կարելի է տեսնել, թե որքան է բարելավվել փոխըմբռնումը երկու երկրների և ժողովուրդների միջև»,- ասել է դեսպանը, ում պաշտոնավարման տարիներին չվերաբացվեց «Ազատության» ադրբեջանական ծառայության գրասենյակը, ԱՄՆ-ի հետ համագործակցող կազմակերպությունները փակ են, տասնյակ լրագրողներ ու իրավապաշտպաններ բանտերում են: 64-ամյա դեսպանը որոշել է թոշակի անցնել: