Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ 2016-ի հուլիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ` գրում է Der Spiegel-ը: Գերմանիայի ոստիկանության ձայնագրած հեռախոսազրույցը վկայում է, որ Էրդողանը հուլիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, որ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:
Der Spiegel-ը հրապարակել է Հեսսեն երկրամասի ոստիկանության ձայնագրած հեռախոսազրույցներից մեկի սղագրությունը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն անձամբ էր ղեկավարում բողոքի ակցիաները: Հեսսենի ոստիկանությունը լսում է, թե ինչպես է 2016 -ի հուլիսի 1-ին՝ 23:30-ին կապի մեջ մտնում Էրդողանը՝ խոսելով Քյուլունքի հետ: «Ինչպե՞ս եք, պարոն նախագահ»,- հարցնում է նրան պատգամավորը: Այնուհետև զեկուցում է Բեռլինում քննարկվող բանաձևի դեմ բողոքի ակցիաների մասին՝ հավելելով. «Սպասում եմ ձեր հրահանգներին»:
Էրդողանն ասում է, որ կկապվի Քյուլունքի հետ և բարի գիշեր է մաղթում նրան։