ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին:
Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է սփյուռքահայ բժշկի անգնահատելի ներդրումը անկախ Հայաստանի բժշկության, հատկապես ուրոլոգիայի զարգացման գործում:
«Նախարարության ստեղծումից հետո գիտենք, որ Հայաստանում գործընկեր ունենք: Եթե յուրաքանչյուրս մի փոքր բան անենք Հայաստանի համար, երկիրը կարող ենք դրախտի վերածել: Մեր գործակցությունը հզորանում և զարգանում է և ես ամեն անգամ Հայաստան գալով՝ տեսնում եմ այդ առաջընթացը: Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք»,- ասել է ամերիկահայ բարերարը:
Կարո Դերձակյանը մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում և վաղուց համագործակցում է հայաստանցի ուրոլոգների հետ և աջակցություն է ցուցաբերում նրանց: Նրա միջնորդության շնորհիվ Հայաստանը առաջնակարգ լազերային սարքավորումներ է ստացել: