ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները շատ են

Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները շատ են
28.03.2018 | 15:58

Նախագահ էրդողանի հետ դռնփակ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հրապարակավ հայտարարեց, որ տարաձայնությունները շատ են՝ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև թուրքական բանակի ներխուժումը Սիրիա․ «Եթե հարցնում եք, թե մենք կարողացե՞լ ենք ինչ-ինչ լուծումներ կամ փոխզիջումներ գտնել, կպատասխանեմ՝ ոչ: Ես բարձրաձայնել եմ մեր բոլոր մտահոգությունները, իսկ այդ ցանկը բավական երկար է՝ Թուրքիայում օրենքի գեիշխանության ու խոսքի ազատության վիճակը, Թուրքիայի հարաբերությունները ԵՄ երկրների հետ, իրավիճակը Սիրիայում: Մենք համաձայնեցինք, որ պետք է շարունակենք երկխոսությունը՝ չնայած դժվարին հանգամանքներին, խնդիրներին ու որոշ հարցերում շահերի ու տեսակետների անհամապատասխանությանը»:

ԵՄ-ն նախագահող Բուլղարիայում անցկացվող խորհրդաժողովից առաջ Թուրքիայի նախագահը պնդել էր, որ Բրյուսելից պահանջելու է ավարտին հասցնել վիզային ռեժիմի ազատականացումն ու ակտիվացնել անդամակցության շուրջ բանակցությունները: «Ցավոք, ԵՄ-ն իր պարտականությունները կատարելիս ի ցույց չի դնում նույն անկեղծությունն ու չեզոքությունը, ինչ նրանք տեսնում են թուրքական կողմից»,- Անկարայում հայտարարել էր Էրդողանն ընդգծելով, թե «Թուրքիան արժանի է դառնալ ԵՄ լիիրավ ու հարգարժան անդամ»: Դոնալդ Տուսկի արձագանքն այս պահանջներին միանշանակ էր. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում, այդ թվում՝ անդամակցության շուրջ բանակցություններում բարելավում կլինի, երբ Թուրքիան առաջընթաց արձանագրի մեզ մտահոգող հարցերում»: Թուրքիայի նախագահը փորձում էր առավել լավատեսական երանգներ հաղորդել: «Հուսով եմ, որ մենք անցյալում ենք թողել դժվարին հարաբերությունների փուլը և արդեն առաջին քայլն ենք արել վստահությունն ամրապնդելու ուղղությամբ»` հայտարարել է Էրդողանը՝ պնդելով, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է և պաշտպանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: «ԵՄ-ն մեծ սխալ կանի, եթե անտեսի Թուրքիային ընդարձակման ընթացքում: Անկարան անդամակցության շուրջ բանակցություններ է վարում 1963-ից, հիմա 2018-ն է, բայց մենք դեռ մնում ենք թեկնածու երկիր»` ասել է Էրդողանը:


Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ հարձակմանը, Թուրքիայի նախագահը կրկին պնդեց՝ Անկարան պայքարում է ահաբեկիչների դեմ և այդ պայքարը դադարեցնելու մտադրություն չունի. «Մեր պայքարը նպաստում է ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությանը: Եվ այսպիսի զգայուն հարցում մենք անհարկի քննադատության փոխարեն լուրջ աջակցություն ենք ակնկալում»:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ