ՈՒկրաինայում լատինատառ այբուբենի անցնելու շուրջ քննարկումներ են սկսել: Կիրիլյան այբուբենից հրաժարվելը որոշ փորձագետներ համարում են Եվրոպայի հետ մերձեցում, հակառակ ճամբարում էլ մտավախություն ունեն, որ լատինատառ այբուբենը կարող է ավելի ծվատել ՈՒկրաինան: Լատինատառ այբուբենի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկ է արել ԱԳ նախարար Պավել Կլիմկինը՝ ընդգծելով, թե իր առաջարկը չի նշանակում հրաժարվել Կիրիլյանից:
«Մեր նպատակը ուկրաինական քաղաքական ազգ ձևավորելն է, դրա համար մենք պետք է աշխատենք մեզ միավորող, ոչ թե բաժանող հարցերի շուրջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՈՒկրաինայի ԱԳ նախարարը: Որոշ փորձագետների համոզմամբ՝ լատինատառ այբուբենի անցնելը ՈՒկրաինան ավելի կմերձեցնի Եվրոպային, որտեղ հիմնականում բոլոր ժողովուրդները կիրառում են լատինատառ այբուբեն: ՈՒկրաինական մամուլը հիշեցնում է, որ ուկրաիներեն առաջին լատինատառ տեքստերը ի հայտ են եկել 16-րդ դարում, սակայն լատինատառ այբուբենը ՈՒկրաինայում երկար կյանք չունեցավ: Կիրիլյան այբուբենից ՈՒկրաինայի հրաժարվելու և լատինատառին անցնելու լուրերին Ռուսաստանը անթաքույց անհանգստությամբ է արձագանքում: