«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի
հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում շրջանառվող լուրերը, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսին է «Սասնա ծռեր»-ը, «իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերը՝ նա ասել է. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»:
«Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: ՈՒստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»,- ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: