ՌԴ ԱԳՆ հայտարարել է, որ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորումը կդիտարկի ՌԴ քաղաքացիների դեմ մահափորձ, եթե բրիտանական կողմը հակառակը չապացուցի: «Եթե ռուսական կողմին չտրամադրվեն հակառակը հիմնավորող համոզիչ ապացույցներ, կհամարենք, որ գործ ունենք մեր քաղաքացիների դեմ մահափորձի հետ՝ քաղաքական խոշոր սադրանքի արդյունքում»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Բրիտանիայի իիշխանությունները պարբերաբար անզորություն են ցուցաբերում իրենց տարածքում ՌԴ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար: Դրա ցայտուն օրինակը Ռուսաստանի ФСБ-ի նախկին աշխատակից Ա. Լիտվինենկոյի թունավորումն է, չբացահայտված հանգամանքներում ռուսաստանցի գործարարներ Բ. Պատարկացիշվիլու և Ա. Պերեպիլիչնիի մահը, Բ. Բերեզովսկու հանելուկային «ինքնասպանությունը» և նրա գործընկեր Ն. Գլուշկովին խեղդամահ անելը և վերջապես մահափորձը Ս. Սկրիպալի և Յու.Սկրիպալի դեմ»,- նշված է հայտարարությունում: Թվարկված բոլոր անձանց մահվան մեջ, նրանց հարազատները, մերձավորները, փաստաբանները կասկածում են Ռուսաստանի իշխանություններին ու հատուկ ծառայություններին: Սկրիպալների թունավորման պատճառով արևմտյան երկրները Ռուսաստանի տասնյակ դիվանագետների արտաքսել են: