Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել: Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ազգային ժողովի հատուկ նիստում:
Ազգային ժողովի խորհուրդը նաև որոշում է կայացրել նիստի անցկացման կարգի մասին: Հատուկ նիստին հրավիրվող անձանց ցանկը կհաստատի ԱԺ նախագահը:
Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: Ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես կգա հանրապետության նորընտիր նախագահը: Ապա ելույթ կունենան Ամենայն Հայոց կաթողիկոսը և նորընտիր նախագահը: