ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ միջանկյալ զեկույցը, որի հեղինակները՝ մարտին 9-ից Ադրբեջանում ընտրական գործընթացներին հետևող փորձագետները, քննադատում են նախընտրական իրավիճակը` մատնացույց անելով խոսքի ազատության սահմանափակումները, լրագրողների և բլոգերների ճնշումները:
Ապրիլի 11-ին նախատեսված նախագահական ընտրարշավն ընթանում է իշխող կուսակցության ակնհայտ գերակայության և մրցակցության բացակայության պայմաններում, հայտարարում են ԵԱՀԿ դիտորդները: Ընտրություններին չորրորդ անգամ մասնակցում են 14 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը և 7 այլ թեկնածուներ, որ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների բնորոշմամբ՝ «ազդեցիկ գործիչներ են», իրականում՝ իշխանական փոքրաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Իրական ընդդիմությունը որոշել է չմասնակցել ընտրություններին և բոյկոտի հանրահավաքներ կազմակերպել: Այդ հավաքների մասնակիցները ենթարկվում են ոստիկանական հետապնդումների, ոմանք ձերբակալվել են: Ադրբեջանական ընդդիմութունը դատապարտում է նախընտրական քարոզչության ժամանակը կրճատելու՝ մինչև 22 օրվա հասցնելու որոշումը, որը սահմանափակում է լրատվամիջոցներին իրենց հասանելիությունը և գործող նախագահին առավելություն է տալիս: ԵԱՀԿ դիտորդները նկատում են՝ քարոզարշավը զուսպ է անցնում, սուր պայքար չկա: Փաստաթղթում նաև նշված է․ «Զեկույցի հեղինակների հետ զրույցում շատերն են նշել, որ մրցակցային ընտրություններ չեն ակնկալում, նրանց համոզմամբ՝ գործող նախագահի մրցակիցները որևէ այլընտրանք չեն ներկայացնում քաղաքական հարթակում, իսկ ոմանք բացեիբաց աջակցում են Ալիևին»: Փաստաթղթում հիշատակվում է նաև «Ռեալ» շարժման հայտարարությունը, որ քաղաքական այդ ուժի առաջնորդ Իլգար Մամեդովին զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, չնայած ՄԻԵԴ-ի՝ նրան ազատ արձակելու վճռին: Մամեդովը 2013-ից բանտում է: Նա ազատազրկվել է, երբ, նախորդ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, հայտարարեց, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Ալիևի հետ:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդները քննադատում են Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը, նշելով, որ նախընտրական արշավն ընթանում է խոսքի ազատության «կոշտ սահմանափակումների ֆոնին», զրպարտությունը քրեորեն պատժելի արարք է համարվում, որի համար մինչև 3 տարվա ազատազրկում է նախատեսված: Այդ հոդվածը 2016-ից օգտագործվում է առցանց լրատվական ռեսուրսների գործունեությունը սահմանափակելու նպատակով, նկատում են ԵԱՀԿ փորձագետները: Առաքելությունը մտահոգություն է հայտնել բանտում պահվող լրագրողների և բլոգերների մեծ թվի հետ կապված․ «Նրանցից շատերը շարունակում են մնալ ճաղերի հետևում, ամենատարբեր մեղադրանքներով»:
ԺՀՄԻԳ-ի փորձագետները նշում են, որ Ադրբեջանում հիմնական քաղաքական տեղեկատվական աղբյուր են 11 հեռուստակայանները: Տպագիր մամուլի տպաքանակը շարունակում է նվազել, բնակչության 80 տոկոսին համացանցը հասանելի է: Դիտորդների հետ զրույցներում Ադրբեջանի քաղաքացիները խոստովանել են, որ չեն վստահում ավանդական լրատվամիջոցներին, նշելով՝ անկախ և անաչառ չեն: 2017-ի մարտին Տեղեկատվության օրենքի փոփոխություններով Ադրբեջանի կապի նախարարությանն իրավունք վերապահվեց՝ արգելափակել լրատվական կայքերն առանց դատարանի որոշման: Անցած մարտից իշխանություններն արգելափակել են կառավարությանը քննադատող 20 ինտերնետային կայք, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան TV»-ի, «Ազադլիգ» թերթի կայքերը, որ անհասանելի են Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում: