Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ Երուսաղեմին քննադատելուց: Նա արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ մարտի 30-ին Գազայի հատվածում բախումների ընթացքում, որոնց հետևանքով 16 պաղեստինցիներ էին զոհվել, «Իսրայելի բանակը անհամաչափ ուժ է կիրառել»: «Աշխարհի ամենաբարոյական բանակը բարոյականության վերաբերյալ դասախոսությունների կարիք չունի մի երկրից, որը տարիներ շարունակ ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը: Երևի Անկարայում այսպես են նշում ապրիլի մեկը»,- ասվում է Նեթանյահուի պատասխան հայտարարությունում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գազայի հատվածում վերջին օրերի բախումներից հետո Իսրայելի վարչապետին օկուպանտ և ահաբեկիչ է անվանել:
«Լսում ես, Նեթանյահու: Դու օկուպանտ ես: Դու այդ հողերում քեզ օկուպանտի պես ես պահում: Դու նաև ահաբեկիչ ես»,- ասել է Էրդողանը: «Իսրայելի պաշտպանության բանակը չի պատրաստվում լսել այն մարդկանց խրատները, որ տարիներ շարունակ զբաղված են խաղաղ բնակչության ռմբակոծություններով: Ըստ ամենայնի, նման հայտարարություններով Թուրքիան որոշել էր նշել ապրիլի 1-ը»,- պատասխանել է Նեթանյահուն: