Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ղուրան է ընթերցել նախկին ուղղափառ տաճարում՝ Սուրբ Սոֆիայում։ Դա քրիստոնյաների դժգոհության պատճառ է դարձել` հաղորդում է The Independent-ը։ Թուրքիայի նախագահն առաջին տողերն արտասանել է ի պատիվ «նրանց հոգիների, ովքեր մեզ ժառանգություն թողեցին տաճարը, հատկապես՝ Ստամբուլը նվաճողների»։ Հետո նա «սուրբ վայրում» իր ելույթը բնութագրել է «բարդ և հուզիչ»։
Էրդողանը ելույթ է ունեցել արվեստների փառատոնի բացման ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարում, որը երկար ժամանակ քրիստոնեական ամենամեծ տաճարներից էր և այժմ թանգարանի է վերածվել։
Էրդողանի արարքը վրդովեցրել է Հունաստանին, որտեղ բնակիչների 98 տոկոսն ուղղափառ է։ Աթենքը դեմ է նախկին քրիստոնեական տաճարում Էրդողանի ելույթներին՝ ընդգծելով գործող թանգարանի աշխարհիկ կարգավիճակը։