Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մեր ինտենսիվ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար շարունակվում է: Ցանկանում եմ, որ մեր բոլոր հանդիպումներն անցկացվեն հօգուտ մեր ողջ տարածաշրջանի»,- ասել է Էրդողանը համագործակցության խորհրդի նիստում, որն անցկացվում է Անկարայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նախագահության ներքո: Նա հայտնել է, որ գագաթնաժողովից առաջ առանձին հանդիպում է անցկացրել Պուտինի հետ:
ՌԴ նախագահը ասել է, որ Թուրքիա այցի շրջանակներում Էրդողանի հետ բանակցությունները բովանդակալից են եղել և հայտարարել է, որ С-400 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրությունը և արտադրման տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային առևտրային հարցեր են և ոչ թե քաղաքականության: Պուտինը տեղեկացրել է, որ թուրք պաշտոնակցի հետ պայմանավորվել է արագացնել С-400 համալիրները թուրքական կողմին փոխանցելու գործընթացը: Նախատեսվում է առաջին մատակարարումն իրականացնել 2019-ին: Պայմանագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020-ը: Էրդողանը շեշտել է, որ չի հրաժարվի Ռուսաստանից С-400 համալիրները ձեռք բերելու մտքից, նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հավանական պատժամիջոցների սպառնալիքի ներքո: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նաև Սիրիայի հարցով՝ ահաբեկչությանը վերջ դնելու համար: